Հյուսիս–հարավ ճանապարհի Քաջարան–Ագարակ հատվածի` 390 մ երկարությամբ թունելի փորման աշխատանքն այսօր ավարտվեց։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հյուսիս–հարավ ճանապարհի Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում շինարարությունն ընթացքի մեջ է, 390 մ երկարությամբ թունելի փորման աշխատանքն այսօր ավարտվեց»,– գրել է նախարարը։
Խուդաթյանը տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքներին։
Նշենք, որ Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև շուրջ մեկ ժամ (այժմ՝ 1,5–2 ժամ): Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։
Հիշեցնենք՝ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործող հատվածների ընդլայնմամբ) կկրճատի իրանականից մինչև վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
Sputnik Արմենիա
