Логотип

«Քարերի սիմֆոնիայի» և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ի գույքի մի մասը վերադարձվեց պետությանը

Գառնի համայնքում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» ապօրինի սեփականաշնորհված տարածքը և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»–ի գույքի մի մասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ «Բազալտե երգեհոն» կամ, հանրությանը առավել հայտնի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մի մասը` 0.1 հա–ն, որը ժամանակին ապօրինի սեփականաշնորհվել էր, վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը, ապա` փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, քանի որ այն բնության հատուկ պահպանվող տարածք է։

Ինչ վերաբերում է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ–ի գույքերին, ապա դրանցից մեկը վերադարձվեց պետությանը և փոխանցվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, քանի որ 1.92 հա մակերեսով այս հողամասը հատուկ նշանակության է։

«Այս տարվա սկզբին ՀԿ–ն որոշել էր 11 անշարժ գույք վերադարձնել պետությանը։ Այս կառույցի հետ կապված կա նաև քրեական վարույթ»,– նշեց դատախազը։

Վարդապետյանն ավելացրեց, որ 2 շաբաթ անց ևս 7 գույք «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»–ից կփոխանցվի պետությանը և կամրացվի տարբեր գերատեսչությունների։

Sputnik Արմենիա