ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վեճից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մարտի 26–ին հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,– նշեցին ՔԿ–ից:
Կոմիտեից տեղեկացրին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` այսօր խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։
