Երևանում Լեհաստանի քաղաքացիները խուլիգանական վարքագիծ են դրսևորել նաև ռեստորանում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էինք, որ «Նոա»-«Լեգիա» խաղից հետո լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ խուլիգանական վարքագիծ են դրսևորել, իրավապահները ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել և ռեստորան գնացել։
Ռեստորանում դրսևորած արարքի համար քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն։
«Նախաքննությունն է կատարվում։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,– հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11–ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային» և ապահովել իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում։
