Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի բնակարանում այս պահին քննչական մարմինները խուզարկություն են իրականացնում։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում հայտնել է ինքը` Դեմոյանը։
«Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն»,– գրել է Դեմոյանը։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում Դեմոյանի տանը կատարվում են քննչական գործողություններ։
Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում մեկ օր առաջ գրառում էր կատարել` նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան Դեմոյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով:
«Բնականաբար որևէ ասածը չի ապացուցելու, որոշումից հետո կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը»,– գրել էր Հարությունյանը` անդրադառնալով Դեմոյանի այն գրառմանը, որտեղ վերջինս մի շարք կոշտ ակնարկներ էր արել Հարությունյանի հասցեին։
Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատել է 2006թ.–ի նոյեմբերից, պաշտոնից ազատվել 2018 թ.–ի հունիսին։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար էր և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ և նշանակվել է տնօրենի այլ պաշտոնակատար, իսկ Հայկ Դեմոյանն ուղղակի զավթել է տնօրենի աշխատասենյակը։
Sputnik Արմենիա
