Логотип

ՔԿ․ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ․)։ Կոմիտեից հավելել են, որ վարույթը նախաձեռնվել է նաև 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով-խմբ․):

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցու բակից 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ «Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներին, որոնցից երկուսը 2007 թվականի ծնվածներ են (եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները), մեղադրանք դեռ չի առաջադրվել։