Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների խատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Մարտի 29–ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Ըստ ՔԿ խոսնակի տարածած հաղորդագրության` 19–ամյա երկվորյակ եղբայրներից մեկի` Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Մյուս եղբայրը` Միքայել Մինասյանը, մեղադրվում է խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հոդվածներով։
Միջադեպի 3–րդ մասնակցի` Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
Sputnik Արմենիա
