ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։ Լուրը հրապարակվել է ՔԿ–ի կայքում։
Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ իրականացնել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը»,,– ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ըստ նախաքննական մարմնի` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որը հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն, մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել:
«Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր` հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել դատական ակտը չկատարելու հոդվածի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա
