Логотип

ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու համար

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ առավոտյան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինի որդին՝ Համբարձում Ներսիսյանը ցուցմունք են տվել, նրանց ձերբակալվել են:

«Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար»,- գրել է Զոհրաբյանը։

Փաստաբանը շեշտել է, որ քննչական կոմիտեն և դատախազությունը որոշում են կայացրել՝ մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով գնալ։ Փաստաբանի խոսքով՝ Ներսիսյանների ցուցմունքները և ներկայացված տեսագրությունը հաշվի չեն առնվել։

Նա տեղեկացրել է, որ դատական նիստը շուտով կմեկնարկի:

Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանն ընդգծել էր՝ դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է:

Sputnik Արմենիա