Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման համատեքստում քննարկվում է Երևանի, Բաքվի, Անկարայի և Բրյուսելի մասնակցությամբ քառակողմ ձևաչափ ստեղծելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա հավելեց, որ ԵՄ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Աշխատում ենք Բաքվի և Անկարայի հետ ու պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,– ասաց նա։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ներդրումային ֆորումների ժամանակ Եվրոպական մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները նշել են, թե կան բիզնես գաղափարներ, բայց պետք է ենթակառուցվածքները ստեղծվեն։
«Խոսքը հարավային ուղու վրա դիվերսիֆիկացիայի մասին է, իսկ «Թրամփի ուղին» դրա մի մասն է։ Պետք է կապենք Արևելքն ու Արևմուտքը, իսկ Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա–ԵՄ քառակողմ քննարկումները սկսել ենք հոկտեմբերին՝ նախարարների հանդիպումից հետո»,– նշեց Մարթա Կոսը։
Հիշեցնենք, որ այսօր Բրույսելում Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
