Քիչ առաջ Քննչական կոմիտեի աշխատակիցները հեռացան Արցախի ներկայացուցչության շենքից։ Հիշեցնենք, որ առավոտից նրանք խուզարկություններ էին իրականացնում Արցախի ներկայացուցչության շենքում։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինչ–որ փաստաթղթեր են փնտրում՝ կապված ներդրումային հիմնադրամի հետ, փրկարարներ էին կանչել և սղոցելով փորձում էին բացել սեյֆը։
Իսկանդարյանը հավաստիացրեց, որ որևէ փաստաթուղթ իրենց մոտ չկա, քանի որ բոլոր փաստաթղթերը բռնի տեղահանումից հետո իրենք ներկայացրել են քննչական կոմիտե։
«Մեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ ամեն ինչը կապված էր երեկվա լսումների հետ, սա այն մեսիջն է, որը մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից։ Չեմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի։ Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120 հազարից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը: Սա հստակ է և մենք շարունակելու ենք մեր պայքարը: Իհարկե ցավալի է, որ մեր հայրենիքում ականատեսն ենք լինում նման դրսևորումների, ունենք այն ինչ ունենք, սպասենք զարգացումներին»,–ասել էր նա։
News.am
