Логотип

Քննչական կոմիտեում Փարաքարի միջադեպերով երկու քրեական գործ է հարուցվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գերեզմանաքարի վնասման փաստով Քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իրավապահ կառույցի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. վնասվել էր համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո ծեծկռտուք էր եղել։

«Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը)»,– հայտնեցին ՔԿ-ից։

Նույն համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով խուլիգանության հատկանիշներով առանձին քրեական գործ է հարուցվել։ Քննության շրջանակներում հինգ մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։