Логотип

ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼԸ ԵՎ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՄԱՏԵՂ ԿՆՔԵՑԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

ՔոնթուրԳլոբալը հաջողությամբ ավարտել է Հայաստանում երեք հիդրոէլեկտրակայանների համալիրի 135 միլիոն ԱՄՆ դոլարի վերաֆինանսավորումը

Միջոցները կօգտագործվեն առկա պարտքի վերաֆինանսավորմանը և կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը` 404 ՄՎտ հզորությամբ Որոտանի Կասկադի բարձր կատարողական չափանիշների պահպանման շարունակականության համար, որը կազմում է երկրի դրվածքային հզորության մոտ 12%-ը։

Նշանակալից գործարքը վերջերս ամփոփվեց Արդշինբանկի՝ Հայաստանի խոշորագույն բանկի հետ համագործակցությամբ։

ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 404 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորություն ունեցող Որոտանի հիդրոկասկադի՝ Որոտան գետի երկայնքով տեղակայված 3 հիդրոէլեկտրակայանների համալիրի 135 միլիոն ԱՄՆ դոլարի վերաֆինանսավորման հաջող ավարտի մասին։ 120-ից ավելի նվիրված մասնագետներից բաղկացած թիմի կողմից շահագործվող Որոտանի հիդրոկասկադը հանդիսանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքների հիմնաքարը։

Գործարքը, որն իրականացվել է Հայաստանի խոշորագույն բանկի՝ Արդշինբանկի հետ համագործակցությամբ, ծառայելու է ինչպես առկա պարտքի վերաֆինանսավորմանը, այնպես էլ կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը։ Այս գործարքը աջակցելու է ՔոնթուրԳլոբալին պահպանել երկրի էներգամատակարարման համար այս ռազմավարական ակտիվի բարձր չափանիշները։

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ համագործակցության ամրապնդման և ընդլայնման համատեքստում, Արդշինբանկի և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագիրը արտացոլում է այս միտումը և ընդգծում երկու կողմերի Հայաստանում կայուն, մաքուր էներգետիկ ենթակառուցվածքներ զարգացնելու համատեղ հանձնառությունը։

Վերջին տասնամյակի ընթացքում ՔոնթուրԳլոբալը ավելի քան 80 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Որոտանի հիդրոկասկադի արդիականացման մեջ՝ այն դարձնելով երկրի էներգետիկ անվտանգության հիմնաքարը։ 2015 թվականի հունիսին ձեռք բերումից ի վեր, հիդրոէլեկտրակայանները մշտապես ապահովել են Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան մատակարարման մոտ 10%-ը և կազմում են երկրի ընդհանուր դրվածքային հզորության գրեթե 12%-ը՝ կարևորագույն դեր խաղալով նաև ազգային ցանցի կայունության և հաճախականությունների կարգավորման գործում։

Այս նշանակալից քայլը ՔոնթուրԳլոբալի գլոբալ ֆինանսական ռազմավարության մի մասն է, որը կոչված է օպտիմալացնելու իր կապիտալի կառուցվածքը և ուղղորդելու ռեսուրսները վերականգնվող էներգիայի աճին։ Արդշինբանկի կողմից ցուցաբերվող աջակցությունն ընդգծում է վստահությունը ՔոնթուրԳլոբալի բարձր չափանիշների և Հայաստանում մաքուր էներգիայի զարգացման երկարաժամկետ տեսլականի նկատմամբ։

Վերաֆինանսավորումը նաև տեղի է ունենում ՔոնթուրԳլոբալի համար նշանակալից տարում, քանի որ այս տարի ՔոնթուրԳլոբալը նշում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը։ Տեխնոլոգիական արդիականացումներից բացի, ՔոնթուրԳլոբալը նաև աջակցել է համայնքային նախագծերին, որոնք ընդգրկել են ավելի քան 120,000 շահառու, և ամրապնդել է կապերը Սյունիքի մարզի հետ՝ կրթության և երիտասարդության զարգացման նախաձեռնությունների միջոցով։ Այս տասնամյակի ընթացքում կատարված ներդրումները վկայում են ընկերության երկարաժամկետ հանձնառության մասին՝ ուղղված Հայաստանի էներգետիկ զարգացմանը և այն համայնքների բարօրությանը, որտեղ ընկերությունը ծավալում է իր գործունեությունը։

Այս կարևորագույն գործարքում ներգրավված են կառույցներ, որոնցից մեկը համակարգային նշանակություն ունի Հայաստանի բանկային հատվածի համար, իսկ մյուսը՝ հիմնարար նշանակություն Հայաստանի ամբողջ տնտեսության համար։ Սա Հայաստանի բանկային համակարգի կողմից էներգետիկ ոլորտում իրականացված խոշորագույն ֆինանսավորման գործարքն է։ Այն ցույց է տալիս է հայկական բանկերի կարողությունը՝ սպասարկելու և՛ Հայաստանում խոշոր ամերիկյան ներդրողների կարիքները, և՛ երկրի տնտեսության աճող ներուժը։

ՔոնթուրԳլոբալի մասին

ՔոնթուրԳլոբալը, որը հանդիսանում է KKR-ի մաս, և ղեկավարում է գլխավոր գործադիր տնօրեն Անտոնիո Կամիսեկրան, անկախ էլեկտրաէներգիայի արտադրող միջազգային ընկերություն է (Independent Power Producer – IPP), որը ամբողջ աշխարհում կառուցում, ձեռք է բերում և շահագործում է էլեկտրաէներգիա արտադրող և կուտակող ակտիվներ։ Ընկերությունը ներկայումս տնօրինում է 5.3 ԳՎտ դրվածքային հզորություն՝ ընդգրկելով տարբեր տեխնոլոգիաներ և ակտիվների կատեգորիաներ, ևս 1 ԳՎտ վերականգնվող էներգետիկ հզորություն գտնվում է զարգացման և կառուցման փուլում և շուրջ 9.8 ԳՎտ՝ նախագծման փուլում։ Ընկերության գործունեությունը ընդգրկում է 18 երկիր՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ ՔոնթուրԳլոբալը պարտավորվել է արագացնել իր պորտֆելի ածխազերծման գործընթացը (decarbonization)՝ իրականացնելով կայուն անցում ջերմային ակտիվներից՝ վերազինելով գործող վերականգնվող էներգետիկ ակտիվները և զարգացնելով նոր վերականգնվող էներգետիկ նախագծեր։
ՔոնթուրԳլոբալը 20 տարվա ընթացքում ձևավորել է ամուր համագործակցություն համայնքների, պետական կառույցների և հաճախորդների հետ, որոնք օգտվում են ընկերության մատակարարվող էլեկտրաէներգիայից՝ երկարաժամկետ պայմանագրերի կամ նորարարական գնման համաձայնագրերի միջոցով՝ համադրված էլեկտրաէներգիայի կառավարման լուծումներով։

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: