Անհերքելի է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և այն ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, ՀՀ–ում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացնելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Ընթերցելով հայտարարության տեքստը՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ քաղաքական շարժառիթներով քաղաքական հետապնդման են ենթարկվում Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ։
Հայտարարության մեջ լիակատար համերաշխություն է հայտնվում քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին և ընկերներն, դատարանին կոչ է արվում գործել օրենքի սահմաններում, ՄԻՊ-ին՝ ուշադրություն դարձնել հիմնախնդրին։
Հայտարարությանը բացասական եզրակացություն տված Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե ԵԽԽՎ զեկույցում խոսք չկա քաղբանտարկյալների մասին, հետևաբար՝ նման խնդիր էլ չկա։
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն հայտարարություն ընդունի ապա պաշտոնանկ պետք է արվեն Գլխավոր դատախազը, քննչական և իրավապահ կառույցների ղեկավարները։
«Դուք ուզում եք հավասարության նշան դնել Հայաստանի և այն երկրների միջև, որտեղ կան հազարավոր քաղբանտրակյալնե՞ր»,-հարցրեց Վարդանյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի հայտարարության մասին որոշումն ընդգրկվի ԱԺ օրակարգ։
News.am
