«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կասկածներ կան, որ կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 24–ին ՔՊ նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ կլինի շտաբի պետի` քարոզչության գծով տեղակալը:
«ՔՊ-ի շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Մասնավորապես, արդեն որոշել են, որ 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետը պետք է լինի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ քարոզչության գծով տեղակալը` Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, և դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»»,- գրում է թերթը։
Նշվում է, որ 2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը, իսկ թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, պարբերականին հայտնել են, որ քչերն են իսկապես հավատարիմ Փաշինյանին։
Ըստ թերթի՝ հավատարիմների խմբում են նաև ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։
Sputnik Արմենիա
