Логотип

Քրդերը Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող մարտերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրդերը Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում ընդդեմ Հալեպում լայնածավալ ռազմական գործողության անցկացման:

Մասնավորապես, հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում Վանում և Մարդինում։

Հալեպի հյուսիսում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում են մարտեր։ Սիրիայի անցումային կառավարության զորքերը քաղաքի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը հայտարարել են ռազմական գործողության գոտի: Ներկայում բախումները հիմնականում տեղի են ունենում Շեյխ-Մաքսուդ թաղամասում։ Հաղորդվում է երկու կողմից սպանվածների և վիրավորների մասին։ Զոհերի ստույգ թիվը առայժմ հայտնի չէ, տվյալներն անընդհատ փոխվում են։

Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթն ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Սիրիայում քրդական խմբավորումների դեմ աշ-Շարաայի զորքերի բախումների հետ կապված սցենարների հաշվառմամբ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ ռազմական միջոցներ են ձեռնարկել:

Արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հայտարարել է, որ «Թուրքիան ակտիվ համակարգման մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Հալեպում քրդական զինված կազմավորումների դեմ սիրիական բանակի ռազմական գործողության ֆոնին»:

«Մենք ցանկանում ենք տեսնել կայուն տարածաշրջան։ Բայց Իսրայելը քաոսի ռազմավարություն է կիրառում։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի երկխոսությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»,-նշել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ներկայում Հալեպում ստեղծված իրավիճակի մասին Անկարան նախազգուշացրել է դեռևս անցած տարում։ Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։

«Նրանք մտադիր են Իսրայելի համակարգմամբ մասնատել և կառավարել տարածաշրջանը։ Մեզ համար դա անընդունելի է»,-ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

2025 թվականի մարտի 10-ին Դամասկոսում համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև՝ քրդական կազմավորումները սիրիական բանակի և պետական կառույցների կազմում ընդգրկելու մասին։ Սակայն այդ համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել։

Sputnik Արմենիա