Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը՝ շեշտելով, որ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ «Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։