Հայաստանում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը վերահսկելի է, այլ երկրների օգնությանը դիմելու հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի առումով մեր ռեսուրսները այս պահին լրիվ բավարար են։
«Ծառայությունը պատշաճ իրականացվում է։ Նման հարց չի քննարկվել, եթե քննարկվի, բնականաբար, առանձին հանդես կգանք հայտարարությամբ։ Փրկարարների 24-ժամյա ծանր և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը դեպի բնակելի հատվածներ»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է տեղի բնակիչների կողմից կամավորական խմբեր կազմելու և հրշեջ-փրկարարներին օգնելու վերաբերյալ նախաձեռնություններին, Սարգսյանը նշեց՝ շնորհակալ են օգնություն առաջարկելու համար, բայց այս պահին կամավորական խմբերի կարիք չկա։
Սարգսյանի խոսքով` 16։00-ի դրությամբ Տավուշի մարզում 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
«Մեկը Դիլիջանի ոլորանների հարակից հատվածն է, մյուսը՝ «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի վերև՝ անտառամերձ հատված, երրորդը` Նավուրի հատվածում, իսկ չորրորդը՝ «Կազաչի» կոչվող հատվածում, որը Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է։ Այստեղ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են, իսկ մնացած հատվածներում ինտենսիվորեն շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։
Նա հավելեց, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են շուրջ 700 փրկարարական ծառայող, էկոպարեկային ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ, ինչպես նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռ, որն անդադար չվերթներ է ու հետախուզում է իրականացնում։
Այս պահին խոտածածկ և բուսածածկ տարածքի հրդեհ կա նաև Շիրակի մարզում, որտեղ նույնպես իրականացվում է հրդեհաշիջում։ Իսկ Թթուջուր-Ճամբարակ հատվածի բոլոր օջախներում հրդեհը մեկուսացված է, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
