Логотип

«Օգտագործելու են ընտրություններում իրենց օգտին». Կարապետյանը նշել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու իշխանության դրդապատճառը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի իշխանությունների ճնշման տակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը զրկել է լիցենզիայից, որպեսզի սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք, Ֆեյսբուքում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այս հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չեն հերքել։

«Երբեմն իմ անգամ բոթասների մասին հրապարակումներ անող ՔՊ-ն ոչ մի ծպտուն չհանեց իմ այս հայտարարությունից հետո։ Իսկ գիտե՞ք ինչու։ Գիտեք…»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը իշխանություններին պետք է, որպեսզի այն դարձնեն Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի պես ՔՊ-ն ֆինանսավորող կառույց։ Կարապետյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարությանը չեն հետաքրքրում ո՛չ երկրի տնտեսական վիճակը, ո՛չ տնտեսության համբավը, ո՛չ միջազգային արբիտրաժը։

Կարապետյանը հիշեցրել է, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին լիցենզիայից զրկել է, չնայած Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը:

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Armenia Today