ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մարտի 17-19-ը գտնվելու է Օմանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսին։
Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 2003 թվականի հունվարին Մասկատում։
Sputnik Արմենիա
