Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Օնիկ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյան Գրիգորյանին։
«Միասնություն» կուսակցությունների դաշինքում ներառված են «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր և «Ազգային առաջընթաց» խմբակցուցությունների անդամները չմասնակցեցին ավագանու նիստին։
Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա