Логотип

Օնիկ Ախվերդյան․ Տագնապ չունեմ, շարունակելու եմ մեր դաշինքի նախընտրական ծրագրի իրագործումը

Օնիկ Ախվերդյանը վախեր չունի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հետ կապված։ Նա այդ մասին այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։

«Իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ոչ մի բանի մասին չեմ մտածում ու տագնապ էլ չունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով մյուս խմբակցություններին՝ Ախվերդյանը նշեց, որ որևէ մեկի հետ խնդիր չունի։ Թե ինչու նրանք չմասնակցեցին ավագանու նիստին, Ախվերդյանը դժվարացավ պատասխանել, ենթադրեց, որ պարզապես չեն ցանկացել մասնակցել քվեարկությանը։

Դիտարկմանը, որ նախկինում լուրեր կային, թե ՔՊ-ն կարող է «Միասնություն» դաշինքի անդամներից որոշներին համոզել ու քաղաքապետին անվստահություն հայտնելով՝ իրենց թեկնածուն նշանակել, Օնիկ Ախվերդյանն այսպես արձագանքեց. «Մեր թիմակիցների վրա վստահ եմ, իրենք էլ, կարծում եմ, դժվար թե այդպիսի բանի գնան»։

Նոր համայնքապետը Բաղրամյան գյուղի բնակիչ է։ Նշեց, որ որպես քաղաքապետ շարունակելու է այն ծրագրերը, որոնք եղել են «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրում և Վալոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ արդեն մեկնարկել էին։

Ինչպես հայտնել ենք, Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ գումարեց և միաձայն համանքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։

Sputnik Արմենիա