Логотип

Ֆերնան Կարտհայզերը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։

Նա նշել է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միայ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։

«Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»,– գրել է պատգամավորը։

Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։

«Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում` ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,– հարցրել է պատգամավորը։

Նա պահանջել է տրամադրել հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակավ զեկուցելու այդ քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մասին:

Sputnik Արմենիա