Ֆլորիդայում Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները չեն կարողացել վերջնական լուծումներ տալ բոլոր հարցերին, դեռ շատ բան կա անելու։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Վաղաժամ կլիներ խոսել այն մասին, որ մենք վերջնական լուծման ենք հասել, քանի որ դեռ շատ անելիք կա», – ասել է աղբյուրը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են կարգավորման ծրագրի ամենախնդրահարույց կողմերը։
Ավելի վաղ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտնել էր Ֆլորիդայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկի մասին:
Վլադիմիր Զելենսկին Ումերովին նշանակել էր պատվիրակության ղեկավար մասնակցելու ԱՄՆ-ի, Ուկրաինայի գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացին նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հեռացված Անդրեյ Երմակի փոխարեն:
Պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, ԱԳՆ-ի և հետախուզության ներկայացուցիչներ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և մնում է Անքորիջի քննարկումների հարթակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ՌԴ-ի հետ առարկայական այդ տեքստն այս պահին չի քննարկվում:
Նրա ենթադրությամբ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ վարչակազմին, հավանաբար, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել մարտի դաշտում։ Պուտինը նշել է, որ նրանց դիրքորոշումը կապված է մարտի դաշտում գործերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայության հետ։
Sputnik Արմենիա
