Логотип

Ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում միանգամից երկու անվստահության քվեարկության հետ է բախվել

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին հայտնվել է ԵՄ-ի քաղաքական ճգնաժամի կենտրոնում՝ միաժամանակ բախվելով Եվրոպական խորհրդարանում երկու անվստահության քվեարկության հետ, գրում է Euronews-ը։

Նրա նկատմամբ առաջին անվստահության քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ և նա կարողացել է հաղթահարել այն, սակայն նրա ղեկավարության հասցեին հնչած քննադատությունը շարունակվում և ուժգնանում է։

Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր այժմ ներկայացրել են անվստահության նոր առաջարկներ: Դրանց վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում այսօր, իսկ քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի:

Պատգամավորների դժգոհության հիմնական պատճառը Եվրոպական հանձնաժողովի գործողությունների անբավարար թափանցիկությունն է, ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերը և հայտարարված ծրագրերի իրականացման անհետևողականությունը։ Քննադատները մեղադրում են ֆոն դեր Լեյենին թույլ առաջնորդության մեջ, հատկապես վերջին տնտեսական և քաղաքական մարտահրավերների ֆոնին, որոնց բախվել է Եվրամիությունը։

Մի շարք ընդդիմադիր խմբակցություններ պնդում են, որ ԵՀ ղեկավարն անտեսում է ԵՄ անդամ երկրներից ստացվող որոշ քաղաքական ազդանշաններ և հաշվի չի առնում քաղաքացիների մտահոգությունները։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման գործողությունները խաթարում են ԵՄ ինստիտուտների նկատմամբ վստահությունը և Բրյուսելի ու ազգային կառավարությունների միջև հեռավորության զգացում են ստեղծում։

Չնայած ճնշմանը, ֆոն դեր Լեյենը շարունակում է պաշտպանել իր դիրքորոշումները։ Մոտակա օրերին Եվրոպական խորհրդարանը պետք է որոշում կայացնի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որը կարող էփորձություն դառնալ ամբողջ հանձնաժողովի քաղաքական կայունության համար։ Անվստահության քվեների հաստատման դեպքում ԵՄ ղեկավարության համար հնարավոր են լուրջ հետևանքներ, ներառյալ առանցքային կառույցներում կադրային փոփոխությունները և ընթացիկ քաղաքական նախաձեռնությունների վերանայումը։

Միջազգային դիտորդները նշում են, որ ճգնաժամը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ ԵՄ-ի համար՝ հարցեր առաջացնելով դաշինքի ինստիտուտների թափանցիկության և արդյունավետության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարության 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամության վերաբերյալ։

News.am