Логотип

Ֆոն դեր Լեյեն․ «Միջին միջանցքը» Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղի է

«Միջին միջանցքը» առևտուրն ու գործակցությունը նորմա կդարձնի Հարավային Կովկասի նախկինում անկայուն տարածաշրջանում՝ կապելով տարածաշրջանի երկրները միմյանց և Եվրոպայի հետ։ Այս մասին այսօր Բրյուսելում կայացած դեսպանների համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Խոսելով գլոբալ նախագծերի և Եվրոպայի համար դրանց նշանակության մասին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշատակել է «Միջին միջանցքը», որը Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարման ժամկետը 30 օրից կկրճատի մինչև 15 օր։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «այս միջանցքը նաև կկապի Հարավային Կովկասի նախկին պատերազմող երկրներին միմյանց և Եվրոպայի հետ»։

«Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այնպես էլ այս նոր միջանցքը կարող է առևտուրն ու գործակցությունը նորմա դարձնել անկայուն տարածաշրջանում և ճանապարհ բացել ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն», — ընդգծել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այս տարածաշրջանում, ինչպես նաև Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԵՄ ներդրումները Եվրոպական միությանը թույլ են տալիս դրական գործընկերություններ զարգացնել։

News.am