Логотип

Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Թրամփը չպետք է միջամտի ժողովրդավարությանը ԵՄ-ում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է միջամտի ԵՄ երկրների ժողովրդավարական գործընթացներին։

«Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, թե ով է լինելու երկրի ղեկավարը՝ պետք է որոշենք ոչ թե մենք, այլ երկրի ժողովուրդը։ Դա ընտրողների ինքնիշխանությունն է, և այն պետք է պաշտպանվի։ Որևէ մեկը չպետք է միջամտի, անխոս»,- ասել է ֆոն դեր Լյայենը Politico պարբերականին՝ պատասխանելով Եվրամիության հասցեին հնչած քննադատությանը ԱՄՆ թարմացված Ազգային անվտանգության ռազմավարությունում։

ԵՀ ղեկավարը նաև նշել է, որ միշտ «շատ լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել» ԱՄՆ նախագահների հետ, որոնք պահպանվում են ցայսօր։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Եվրոպային։ Ընդհանուր առմամբ, ինչպես նա Politico պարբերականի հարցազրույցում հայտնել էր, իրեն դուր է գալիս եվրոպական երկրների առաջատար քաղաքական գործիչների «ներկա կազմը»։ Բայց նրանք, ԱՄՆ նախագահի կարծիքով, «վատ են կատարում իրենց աշխատանքը»։ Նա նշել է, որ ապագայում կաջակցի եվրոպական քաղաքական այն գործիչներին, որոնց ավելի հարմար է համարում։ Հրացազրույցում Թրամփը նաև նորից քննադատել է եվրոպական երկրների իմիգրացիոն քաղաքականությունը, որը, նրա խոսքով, այդ երկրներից շատերին կդարձնի «անկենսունակ պետություններ»։

News.am