Ընտրության ժամանակ ոսկի սարեր են խոսք տալիս, հիմա ինչի՞ չեն գալիս մեր հարցերով հետաքրքրվեն, լուծեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, կառավարության դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ նշեց վարորդներից մեկը։
Նշենք, որ նրանք բողոքում են Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումներից, որի հետևանքով իրենք ՌԴ տարածքում տարեկան կարող են մնալ ոչ թե 180 օր, այլ 90 օր։ Կարգը խախտած վարորդներին 3-5 տարով զրկում են ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։
Նրանք պահանջում են կառավարությունից միջամտել և օգնել, որ ՌԴ–ն մեղմացնի իր կարգավորումները։
Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ դեսպանատան դիմաց չեն բողոքի ակցիա անում, նա պատասխանեց. «Մենք աշխատում ենք Հայաստանում, մեր հարկեչը մուծում ենք մեր երկրում։ Ռուսի համար չենք մուծում, գնամ Ռուսաստանի դեսպանատուն, ես ի՞նչ անեմ։
Այս պահին երևի 2000 վարորդ ունենք դրսում, որ գալիս են։ Այդ 2000-ից կարող է 1000-ին միանգամից դեպորտով ուղարկեն երկիր։ Ղազախստանի պատգամավորները այդ հարցով զվաղբեցին և իրենց վարորդների համար հանեցին այդ արգելքը։ Մենք էլ ենք դիմել մեր պատգամավորներին, բայց դեռ ոչ մի արդյունք չկա։
Հեսա կգա Նոր տարին, մեր վարորդները չեն կարողանալու բեռները բերեն, գնալով ապրանքները կթանկանա։ Հիմա իմ 90 օրը լրացել է, ես չգիտեմ՝ գնա՞մ, թե չգնամ։ Կարող է գնամ, 5 տարով դեպորտ խփեն»,–ասաց նա։
Հարցին՝ եթե կառավարությունը խնդիրը չլուծի, ի՞նչ քայլերի են գնալու, վարորդներից մեկը պատասխանեց. «Փողոց էլ կփակենք, ամեն ինչ էլ կանենք, ֆուռերով կփակենք, որ չկարողանան շարժվել։ Մենք այսօր որոշեցինք ֆուռերով գանք հրապարակ, ուղարկի, չեկանք, որովհետև այս համերգային արարողությունը եղել էր, չուզեցինք տահաչ հետևանք անենք մեր ժողովրդի համար։
Դուք մի նայեք, է, որ այստեղ 50-60 հոգի մարդ են հավաքված, եթե դանակը հասնի ոսկորին, սաղ Հայաստանի ֆուռերի շոֆերները, իրենց հարևաններով, բարեկամներով հավաքվելու են։
Սա մի հատ մեծ հարց չի, որ չկարողանան լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են, իրենց փոխադրողների համար դիմել են, Ռուսաստանը հարցին լուծում է տվել։ Մերոնք էլ որ ուզենան, զբաղվեն, լուծում կգտնեն, ուղղակի բարձիթողի վիճակ է։
Այսօր ապրանքի 99%–ը Ռուսաստանից Հայաստան է մտնում, որ մենք չբերենք, դուք ի՞նչ պիտի ուտեք, ժողովուրդ ջան»։
Այդուհանդերձ, ակցիան որոշ ժամանակ անց ավարտվեց։ Նշենք, որ բողոքի ակցիան ընթանում էր անձրևի տակ։
News.am