Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ափսոսանք է հայտնում և խստագույնս դատապարտում Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։ Այս մասին նշված է Խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հրապարակած հայտարարության մեջ։
«Այս էսկալացիան նոր սահմանագիծ անցավ՝ կապված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարուցված ապօրինի դատական հետապնդումների հետ, որոնք ակնհայտորեն վերաբերում են բացառապես հոգևորականության իրավասությանը։ Քաղաքական բնույթի այս արշավը, որն ուղղված է Հայ եկեղեցու Գերագույն առաջնորդի և նրա նվիրապետության դեմ, հայ ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի անթույլատրելի խախտում է։
Այն թուլացնում է ողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ստեղծելով ներքին պառակտում, որի համար կարող են ուրախանալ միայն հակառակորդները։ Մինչ հայ ժողովուրդը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, նա չի կարող իրեն թույլ տալ նմանօրինակ առճակատում, որը նույնքան անարժանավայել է, որքան կործանարար՝ միասնության ու բարոյական ուժի համար։ CCAF-ը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ողջ կառավարությանը համախմբվել և անհապաղ դադարեցնել այս անկարգությունները, որոնք հիշեցնում են ստալինյան դարաշրջանի գործելաոճը և մեր պատմության ամենամութ էջերը։
Խորհուրդը կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները։ Ֆրանսիայի CCAF-ը հավաստիացնում է Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցուն իր հարգանքի, լիակատար աջակցության և համերաշխության մասին»,- ընդգծված է հայտարարության մեջ։
News.am
