Логотип

Ֆրանսիայի Ազգային ժողովը չի կարողացել անվստահություն հայտնել Լեկորնյուի կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, դեմ է քվեարկել ծայրահեղ ծախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության կողմից նախաձեռնված՝ վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ բանաձևին, հայտնում է BFMTV հեռուստաալիքը հինգշաբթի օրը։

«Անվստահության քվեի ընդունման օգտին տրվել է 271 ձայն։ Որոշման ընդունման համար անհրաժեշտ մեծամասնություն չի հավաքվել։ Անվստահության քվեն չի ընդունվել», – հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն՝ ձայների հաշվարկից հետո։

Կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է նվազագույնը 289 ձայն։

Հինգշաբթի օրը ավելի ուշ տեղի կունենա ևս մեկ քվեարկություն կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկի շուրջ, որը նախաձեռնվել է աջ ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության և «Աջերի միություն հանուն հանրապետության» կուսակցության կողմից։

Վարչապետի պաշտոնը ստանձնած զինված ուժերի նախկին նախարար Լեկորնյուն հոկտեմբերի 5-ին հայտարարել է նախարարների կաբինետի կազմը՝ փոխարինելով Ֆրանսուա Բայրուի կառավարությանը, որը հրաժարական էր տվել սեպտեմբերի սկզբին։ Լեկորնյուի առաջարկած կազմում ներառված են եղել նախկին կառավարության նախարարներից զգալի թվով անձինք։

Լեկորնյուի կողմից ձևավորված կաբինետը անմիջապես ենթարկվել է ընդդիմության կտրուկ քննադատությանը, որը խոստացել է Ազգային ժողովում նոր անվստահության քվե հայտնել հերթական կառավարությանը։

Հաջորդ օրը վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որը նախագահն ընդունել է, սակայն Լեկորնյուին հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել քաղաքական կուսակցությունների հետ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։ Իսկ մի քանի օր անց Մակրոնը նրան կրկին վարչապետ է նշանակել։

News.am