Логотип

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

«Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն երկուշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Վերջինս ընդունել է այն»,-հայտնում է գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Լեկորնյուին հանձնարարված էր նոր կառավարություն ձևավորել, հոկտեմբերի 5-ին նա հրապարակեց նշանակումների առաջին ցուցակը։ Բայց նշանակումների երկրորդ փուլից և Ազգային ժողովում ծրագրված ելույթից առաջ նա հրաժարական տվեց՝ փաստացի պաշտոնավարելով մեկ ամսից էլ քիչ։

Կիրակի օրը Ֆրանսիայի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի նորացված կառավարության անդամներ հայտարարված տասնութ նախարարներից տասներեքը մնացել էին իրենց նախկին պաշտոններում: Հատկանշական է, որ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար էր նշանակվել կոնոմիկայի նախկին նախարար Բրյունո Լե Մերը:

Նոր կաբինետում ամենաառանցքային պաշտոնները պահպանել էին նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության քաղաքական գործիչները․ Բրունո Ռետայոն՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում, Ժերալդ Դարմանենը՝ արդարադատության նախարարի, Էլիզաբեթ Բորն՝ ազգային կրթության նախարարի, Կատրին Վոտրենը ՝ աշխատանքի և առողջապահության նախարարի պաշտոնում:

Նշվում է, որ առաջին անգամ իրենց պաշտոններն են զբաղեցրել ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը, տարածաշրջանային նախագծման, ապակենտրոնացման և բնակքաղաքականության նախարար Էրիկ Վերտը (նախարար է եղել Սարկոզիի օրոք), թվային տեխնոլոգիաների նախարար Նաիմա Մուչոուն և խորհրդարանի հետ կապերի նախարար Մաթյո Լեֆեվրը:

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն հայտնեց Ֆրանսուա Բայրուի կառավարությանը: Այսպիսով, նրա թիմը իշխանության ղեկին մնաց ութ ամսից մի փոքր ավելի։

Ֆրանսիան քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը 2024 թվականի հուլիսին ցրեց Ազգային ժողովը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց: Պատճառը «Ազգային միավորում» (RN) ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակն էր Եվրախորհրդարանի ավելի վաղ կայացած ընտրություններում։ Երկու փուլով (2024 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 7-ին) անցկացված ընտրությունները Մակրոնի դաշնակիցների համար պարտություն դարձան. ձայների թվով առաջինը դարձավ ձախ «Նոր Ժողովրդական ճակատը»(NFP)։ Ու թեև Լը Պենի կուսակցությունը երկու փուլերի արդյունքում միայն երրորդը դարձավ, այն զգալիորեն ընդլայնեց իր ներկայությունը խորհրդարանում՝ հասցնելով 124 տեղի։ Կենտրոնամետների և ռեֆորմիստների ոչ պաշտոնական կոալիցիան, որն աջակցում Է Մակրոնին, ունի մոտ 200 մանդատ, NFP դաշինքը՝ 192: Այս պայմաններում կառավարությունը բացարձակ կախվածության մեջ է հայտնվել ընդդիմությունից։

Sputnik Արմենիա