Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Ֆրանսուա Քսավիե Բելամին իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան կատարած ուղևորությունից։
«Ուղևորություն Հայաստան՝ երկրի ապագան որոշող մի քանի կարևոր հանդիպումների նախօրեին» վերնագրով հրապարակման մեջ Եվրախորհրդարանի պատգամավորը գրել է. «Եվրոպան վերջապես կոնկրետ պարտավորություն ստանձնեց ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը, մասնավորապես՝ սահմանային մոնիթորինգի առաքելության միջոցով, որի երկարաժամկետ տեղակայումը մենք ապահովել ենք։ Դրա ստեղծումից ի վեր հայ զինվորների և քաղաքացիական անձանց կյանք խլող հարձակումները լիովին դադարել են։ Մենք պետք է շարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստականներին, պահանջենք, որ միջազգային կազմակերպությունները ճանաչեն նրանց վերադարձի իրավունքը և վերջապես ապահովենք Բաքվի կողմից դեռևս պահվող ռազմագերիների ազատ արձակումը»։
Դեռ շատ բան կա անելու Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համար, թե՛ պաշտպանության, թե՛ առևտրի և գիտական համագործակցության առումով: Աշխարհի ամենանորարար երկրներից մեկին աջակցելը ռազմավարական հնարավորություն է, ինչպես նաև երիտասարդ հայերին հզորացնելու լավագույն միջոցը՝ իրենց ապագան ապահովելու բոլոր այն ուժերի դեմ, որոնք երեկ և այսօր փորձում են սպառնալ նրան։
Ես առաջին անգամ եկա Երևան 2020թ․՝ պատերազմից հետո, աներևակայելիորեն ցավոտ Զատկի երեկոյան: Այսօր ես ավելի տպավորված եմ այս ժողովրդի ուժով, որի հետ մենք կիսում ենք այդքան երկար պատմություն, ովքեր որոշել են դիմել Արևմուտք՝ իրենց ժառանգությունն ու ազատությունը պահպանելու համար: Հիմա մեզանից է կախված՝ դիմակայել այս մարտահրավերին»։
News.am
