Логотип

1.5 տարի 2-ի փոխարեն. ՊՆ-ն առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Համապատասխան նախագիծը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել այսօր։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:

«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,- ասվում է հիմնավորման մեջ։

Նախատեսվում է նաև, որ ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման։

Նախատեսվում է, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չի տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Հիշեցնենք, որ դեռ 2021թ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել և 2 տարվա փոխարեն դառնալ 1.5 տարի։

Ավելի ուշ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, որով, մասնավորապես, նախատեսվում է մինչև 2027 թ–ն կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, միաժամանակ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը։ Պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու մեխանիզմը կապահովվի հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով: Այդ անցումը նախատեսվում է իրականացնել մինչև 2027 թվականը։

Sputnik Արմենիա