Логотип

2020թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18. ՈՐՊԵՍԶԻ ՀԻՇԵՆՔ…

Սյունիքում սահմանազատման գործընթացը տեսանելի հեռանկարում շարունակելու թեմայի շուրջ հայտնի ենթադրությունների լույսի ներքո, թեև ի սկզբանե խոսքը Տավուշում դա շարունակելու մասին էր, ինչպես նաև հաշվի առնելով Սոթքի (Գեղարքունիք) վերջին իրադարձությունները, որտեղ նկատվել են հայ-ադրբեջանական խմբերի կողմից ենթադրաբար չափագրողական բնույթի համատեղ գործողություններ, տեղին է հիշել գործընթացի նախապատմությունը։ Խոսքը տարածքների հանձնման գործընթացի մասին է՝ տարբեր կարգախոսներով. բանավոր պայմանավորվածություններից ու JPS-ից մինչև օտարում՝ սահմանազատման ցուցանակի տակ։ Գործընթացը բոլոր փուլերում ընթացել է ժողովրդի թիկունքում։ Հիշեցնենք 5-ամյա վաղեմության մի դրվագ։

2021Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱՐԵՑ ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Դելիմիտացիա և դեմարկացիա արդեն արված է՝ Գորիսից մինչև Իրանի սահման։ Այդ արձանագրությունը դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը։ Այդպիսով մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչև Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից»։

Փաստաթուղթը, որին վերաբերում էր խոսքը, բազմիցս մեջբերվել է «Գոլոս»-ի հրապարակումներում։ Այն վերնագրված է՝ «Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին Հուշագիր»։ Փաստաթղթում նախատեսվում էր 2020թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ զինվորական ստորաբաժանումների դուրսբերում Զանգելանի և Կուբաթլուի (Սանասար և Կովսական) տարածքից:

44-օրյա պատերազմի արդյունքներով Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ստորաբաժանումները պետք է կանգ առնեին այնտեղ, որտեղ գտնվում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ։ Մեր զորքերի դուրսբերման հրամանը պատկանում էր Փաշինյանին։ Դա համաձայնեցված էր Ալիևի հետ սեպարատ ռեժիմով ՝ ժողովրդի թիկունքում, իսկ կատարումը հանձնարարվեց գեներալ Վաղարշակ Հարությունյանին, որը պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Հանրությունը աղմուկ բարձրացրեց, իսկ Փաշինյանը կառավարության նիստում ծաղրեց հայկական անվանումները, թե իբր՝ «էդ ինչ Սանասար-Բաղդասար ու Կովսական են»….

Այդ դավաճանական (բոլոր առումներով) քայլն արդարացնելու նպատակով շրջանառության մեջ դրվեց քարոզչաթեզը, թե Հարությունյանին ստիպել են դուրս բերել զորքերը, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է հակառակ դեպքում «վերցնել Գորիսը»։ Մինչև վերջերս (նախքան խոսնակ Ալեն Սիմոնյանի թափանցիկ ակնարկները) թվում էր, թե Սյունիքի պարագայում սահմանազատման ու սահմանագծման հարցը փակված է, և Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանձնաժողովներն այդտեղ անելիք չունեն: Պոստֆակտում կարող է պարզվել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալած ողջ աղմուկի նպատակը քաղաքականացված հանրության ուշադրությունը շեղելն է Սյունիքում սպասվող սահմանազատումից, որից հետո գործընթացն անմիջապես կտեղափոխվի Վարդենիս և Ջերմուկի բարձունքներ…

Ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ու իշխող վերնաշերտի մյուս ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, թե սահմանազատման արդյունքում ադրբեջանցի զավթիչները կհեռանան Սյունիքի Սև լճի և Իշխանասարի շրջակայքից։ Հիշեցնեմ, որ Սյունիքի տարածքի մի մասն առանց գեթ մեկ կրակոցի բռնազավթվեց 2021 թվականի մայիսի 12-ին։ Զավթումը շարունակվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքներով։

Մի՞թե որևէ մեկը կհավատա, թե Սյունիքում սահմանազատման շարունակումը հանգեցնելու է ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը զավթած տարածքներից։ Սահմանազատման հաջորդ փուլից հետո դեռ քանի՞ քառակուսի կիլոմետր ենք ավելացնելու ադրբեջանցիների բռնազավթած հայկական տարածքի 240 քառ. կմ-ին: Դեռ քանի՞ գյուղ ենք դատարկելու՝ Տավուշի 4 գյուղերից հետո։

Սյունիքում դրա նախադեպը հայտնի է. Շուռնուխի բնակիչների մի մասին ադրբեջանցիները վռնդեցին՝ վկայակոչելով իրենց JPS-ների ցուցմունքները։ Բաժանարար գիծն անցավ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմով։ Որտեղո՞վ է դա անցնելու այս անգամ: Սոթքում առկա գործընթացների մասին տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրները հերքեցին, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ Փաշինյանը կարող է տարածքային զիջումների գնալ ոչ միայն Սյունիքում, այլև Գեղարքունիքում: Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե վերարտադրվի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է ոչ միայն Բրյուսելի, այլև Բաքվի և Անկարայի աջակցությունը ։