Դեկտեմբերի 12-ին լրանում Է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման մեկնարկի 3-րդ տարելիցը: Այս իրադարձությանը նախորդել էր Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը Փաշինյանի կողմից (2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում), իսկ Պրահայի իրադարձություններին նախորդել էր սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան հայկական սահմանի 5 ուղղություններով։ Այդ ագրեսիայից հետո ռեժիմի վերնաշերտը հայտարարեց, թե ադրբեջանական բանակին կասեցրել է Պետդեպարտամենտը՝ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ։ Այստեղից հարց. եթե Բլինքենը կարողացավ 2022 թվականի սեպտեմբերին կասեցնել Ադրբեջանի 3-օրյա ագրեսիան, ապա ինչո՞ւ նա չկարողացավ փրկել Արցախի Հանրապետության 120 հազար հայերին շրջափակումից ու սովից։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Բլինքենի մասնակցությամբ։ Փաշինյանը խոսել էր Արցախի շրջափակման մասին…
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՍԿԻԶԲ (2022 թ.հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 12) պատճառահետևանքային կապը վաղուց հաստատված է։ Դա ապացույցների կարիք չունի։ Կարևոր է չմոռանալ, թե ինչ ուժեր էին կանգնած Պրահայի հանդիպման ակունքներում։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք այսօր էլ Հայաստանը տանում են Ռուսաստանից պոկվելու ուղեգծով, թուրքական վիլայեթ դառնալու գնով։ Ընդ որում իրադարձություններին արագացված տեմպ է տրված։ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն օրերս հայտարարեց, որ ԵՄ-ի հետ մերձեցման ներկա փուլը կավարտվի ՀԱՊԿ-ի հետ վերջնական խզմամբ և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի ելքով:
Այն բանից հետո, երբ Փաշինյանը ժողովրդից թաքցրեց փաստը, որ 2020թ. սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ-ն իրեն զգուշացրել էր Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի առաջիկա ագրեսիայի մասին, իշխող վերնաշերտի ղեկավարին հավատալ չի կարելի։ Ոչ մի պարագայում։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 15-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 12 օր առաջ (2020թ. սեպտեմբերի 27), ՀԱՊԿ-ը Փաշինյանին առաջարկել էր զորավարժություններ սկսել ՀՀ տարածքում, Փաշինյանը մերժել էր և թաքցրել այդ առաջարկը ժողովրդից։ ՀԱՊԿ զորավարժությունները կարող էին ազդել Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սկսելու Ալիևի որոշման վրա…
Պատահական չէ, որ հիշատակեցինք այդ զորավարժությունների մասին, քանզի 2023 թվականի հունվարի 10-ին, այսինքն շրջափակման սկսվելուց գրեթե մեկ ամիս անց, Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու, որ ՀՀ տարածքում ավելի վաղ ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանալու։ Նույն օրը էլեկտրաէներգիայի մատակարարման գծի վնասման հետևանքով Ստեփանակերտում սկսվեցին հովհարային անջատումներ:
Հենց նույն օրն էլ՝ հունվարի 10-ին, Ալիևը հայտարարեց, որ կա՛մ արցախահայությունը կդառնա Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ կհեռանա Արցախից: Ապշերոնի սուլթանը վկայակոչեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, այդպիսով ստորագրելով 120 հազար հայերի դատավճիռը, որոնցից 30 հազարը երեխաներ էին, այդ թվում՝ Վերայի երկու բալիկները։ Նրանք արթնացել էին, երբ մայրը գնացել էր շրջափակման ժամանակ տրվող օրապահիկը բերելու, դուրս էին եկել տնից։ Երեխաներին գտան ուժազրկումից ու սովից մահացած։ Իսկ առաջինը 2023թ. օգոստոսի 15-ին թերսնուցումից մահացավ 1973թ. ծնված Կարո Հովհաննիսյանը:
Շրջափակումն ու սովի մատնումը, ինչպես հայտնի է, ավարտվեցին 2023թ. սեպտեմբերի 19-ին հայ բնակչության ցեղասպանությամբ և ապարտեիդով՝ Փաշինյանի ճղավոցի տակ, թե ինքը չի վտանգի Հայաստանը հանուն Արցախի, քանի որ պատասխանատու է միայն 29 հազար 800 քառ. կմ-ի համար։ Այն ժամանակ դեռ նշվում էր այդ թիվը, հետո Փաշինյանը կրճատեց 800 քառ.կիլոմետրը՝ հասցնելով 743-ի։
9-ամսյա շրջափակման և սովի մեկնարկի 3-րդ տարելիցը տալիս է այսօրվա բազմաթիվ հարցերի պատասխանները: Ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ սովի մատնումն ավարտվեց ցեղասպանությամբ, որի համար ոչ ոք պատիժ չկրեց։ Տարելիցին նախորդեց բանակցային գործընթացի նյութերի հրապարակումը, որոնց թվում լրատվամիջոցների ներկայացուցիչները զարմանքով հայտնաբերեցին Փաշինյանների ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածները: Այդ հրապարակումները իշխող վերնաշերտի պարագլուխը փորձել էր ներկայացնել իբրև բանակցությունների նյութեր։ Ռեժիմի տապալումից հետո նյութերը ենթակա են կրկնակի հրապարակման, բայց արդեն բնօրինակների տեսքով։ Ասենք, հրապարակումից հետո էլ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կրկնեց իր հայտնի թեզերն այն մասին, որ 2019-ին Ռուսաստանի կողմից կարգավորման առաջարկները կնպաստեին հայկական երկրորդ հանրապետության տարածքների մեծ մասը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելուն։
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՄԲԻՈՆԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, թե 2019 թվականին փաստաթուղթն իրեն չի ներկայացվել։ Ընդ որում հղում կատարեց տեքսի առաջին տողին. «Մենք՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներս…», ընդգծելով, որ երբեք նախագահ չի եղել: Այն ժամանակ նախագահ էր Արմեն Սարգսյանը։ Ենթադրել, թե նա կարող էր Փաշինյանից թաքցնել այդչափ մեծ կարևորության փաստաթուղթը, շատ դժվար է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախում հայեր չկան։ Բնակչության մեծամասնության համար այնքան էլ հասկանալի չեն բանակցային նյութերում շարադրված տեղեկությունները, դրանից որոշեց օգտվել իշխող վերնաշերտի պարագլուխը, փորձելով խեղաթյուրել բանակցային գործընթացի նպատակն ու բովանդակությունը սեփական այն հայտարարության պրիզմայով, թե 1994 թվականից ի վեր բանակցություններն ընթացել են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ։ Այդ կեղծ թեզն արդեն բազմիցս հերքվել է, ինչպես որ հերքվել է նաև Փաշինյանի այն թեզը, թե Շուշին բանակցությունների առարկա է եղել։
Այն փաստաթղթերի հրապարակումը, որոնք, Փաշինյանի խոսքերով՝ «մեկը սառնարանի ոտի տակից ենք հանում, մեկը՝ կոնդիցիոների մեջից», ռեժիմի վերնաշերտն օգտագործում է իր նպատակների համար։ Դրա պարագլուխն արդեն հայտարարել է, որ հրապարակումից հետո այլևս չի ուզում բանավիճել նախագահների հետ, և որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թեման իր համար փակված է, նրանք, իբր, արդեն մրցակից չեն իրեն։ Հայաստանի փրկության գործում Փաշինյանի և իշխող վերնաշերտի մրցակիցը վաղուց արդեն ժողովուրդն է, իսկ բանակցային գործընթացի թեման եզրափակենք Փաշինյանի և ՔՊ-ի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Զավենիչի խոսքերով։
Սա հենց այն դեպքն է, երբ փչացած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս։ «Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, թե բանակցային վատ ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից։ Չի ասել, որովհետև երկուսն էլ՝ ինքն ու Քոչարյանը, դեմ էին հանդես գալիս Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իշխանությունը ստանալով՝ Սարգսյանն ամեն ինչ գիտեր բանակցային գործընթացի մասին, նրա համար այդ հարթությունում ոչ մի նոր բան չկար, իսկ Փաշինյանը չգիտեր, թե ուր է մտել»։
Չգիտեր, բայց 2018-ին հայտարարեց, թե իրավունք չունի բանակցել Արցախի անունից, իսկ 2019-ին ասաց. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»: Հետո հայտարարեց. «Ինչ որ պետք է, էն էլ բանակցո՛ւմ ենք»։ Արդյունքում թույլ տվեց իրավիճակի սրում մինչև 44-օրյա պատերազմ և դրան հաջորդած ագրեսիաներ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, որոնք հանգեցրին ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի բռնազավթման։
ԱՅՍՊԻՍԻ «ՀԱՐՈՒՍՏ» ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ Է ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆ ու գլխավոր պատասխանատուն առաջնորդում իր կուսակցությանը դեպի ընտրական քաղաքական տարի: Նա արդեն 15 միլիոն եվրո է ստացել իր տերերից՝ Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար, որոնք, ինչպես կարծում են Բրյուսելում և Անկարայում նստած նրա հրահանգիչները, դրսևորվեցին Մոլդովայում վերջերս կայացած ընտրություններում:
Հիշեցնեմ, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում տեղի ունեցավ եվրոպացի քաղաքական գործիչներ Շառլ Միշելի և նախագահ Մակրոնի հովանու ներքո։ Նախքան թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի սկսվելն էլ Փաշինյանը ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվեց նույն հրահանգիչների ցուցումով, թեև առաջարկը հաջորդել էր պատերազմի հավանական մեկնարկի մասին նախազգուշացմանը։ Եվրոպացի հրահանգիչներն էին արգելել Փաշինյանին ընդունել ռազմական գործողությունների դադարեցման մասին Պուտինի առաջարկը 2020թ. հոկտեմբերի 19-ին՝ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելով Շուշին ու Հադրութը։ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Պուտինը հայտարարեց, որ այդ առաջարկը համաձայնեցված էր Ալիևի հետ։ ՌԴ նախագահը զարմանք հայտնեց Փաշինյանի մերժման առնչությամբ։ Փաշինյանն իր մերժումը հիմնավորեց նրանով, որ Ալիևը պայման է դրել ադրբեջանցիների վերադարձը. կարելի է կարծել, թե ադրբեջանցիները պիտի վերադառնային հայկական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող քաղաք: Իրականում մերժումը թելադրված էր Բրյուսելից։
Այսօր թուրք-եվրոպական ինտեգրման հրահանգիչները հետապնդում են նույն նպատակը. դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։ Այդ նպատակին արդեն զոհաբերվել է Արցախը, հիմա հերթը Հայաստանինն է։ 15 մլն եվրոն մեր ժամանակներում չնչին գումար է, բայց տվյալ դեպքում կարևորը ոչ թե գումարն է, այլ նպատակը, որն արդարացնում է միջոցները։ Իսկ նպատակը մեկն է . Թուրքիային փոխանցել տարածաշրջանային համակարգողի իրավունքը։ Այդ իսկ պատճառով Անկարան, Բաքուն և Բրյուսելը շահագրգռված են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրմամբ, իսկ ընդդիմության խնդիրն է՝ բացատրել ապագա ընտրողներին, որ ԵՄ-ին ինտեգրվելը հավասարազոր է պետականության կորստի և Հայաստանի վերածման թուրքական վիլայեթի։
Ասվածն ամենևին չի նշանակում, թե Ռուսաստանը միշտ բարձրության վրա է եղել մեր երկրի առջև դաշնակցային պարտավորությունների կատարման առումով։ Կրեմլը տարբեր ժամանակներում իր ուրույն շահերն է ունեցել Հարավային Կովկասում, բայց Մոսկվայի ազդեցությունը թոթափելու Փաշինյանի ռեժիմի հայտարարած ուղեգիծն ամենևին չի նշանակում շարժում դեպի ինքնիշխանություն և պետական անկախություն, դա շարժում է դեպի նոր կորուստներ…
