2023–2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել, համաձայն Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցի, հայտնում է RFE/RL-ը։
Փաստաթղթում նախարարությունը նշում է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացիայի շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիային՝ իր ռազմական կարողությունները ամրապնդելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումը և համատեղ գործողությունները ունեն բացառապես պաշտպանական բնույթ։ 2023 թվականին Երևանում ֆրանսիական պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս ավելի սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ և որոշել համագործակցության լավագույն ձևաչափերը», – ասված է զեկույցում։
Մինչև 2022 թվականը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023–2024 թվականներին ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ցամաքային զորքերը համալրելու համար։ Քննարկվում են նաև մի քանի համատեղ ծրագրեր՝ հայկական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Հայ-ֆրանսիական ռազմական գործընկերությունը ներառում է, մասնավորապես, լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու հմտությունների զարգացման ծրագիր, որի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցում է Ֆրանսիայի Սեն-Սիր Քոեթքիդանի հատուկ ռազմական դպրոցի (Saint-Cyr Coëtquidan) հետ։
Զեկույցում նաև մանրամասնվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է նախկինում հայտնի «Caesar» ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև 15 հակատանկային հրթիռներ և դրանց արձակման կայանքներ։
News.am
