2025 թվականին « Զվարթնոց » միջազգային օդանավակայանը (ք.Երևան) սպասարկել է 5 615 789 ուղևորի, ինչը ռեկորդային ցուցանիշ է օդանավակայանի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հաղորդում է Corporacion America Airports -ը։
Տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 7%-ով, իսկ նախաքովիդյան 2019թ․ համեմատ աճն արձանագրվել է 85,8% մակարդակում: Ընդհանուր առմամբ, ժամանել է 2.810 մլն ուղևոր, իսկ Հայաստանից մեկնել է 2.805 մլն ուղևոր: Միևնույն ժամանակ, օդանավակայանն արձանագրել է բեռնափոխադրումների ծավալների 1.2% աճ’ մինչև 42 761 տոննա:
Սպասարկված չվերթների ընդհանուր թիվը 2025 թվականին կազմել է 42 857 ՝ տարեկան 7,5 տոկոս աճով։
Նշենք, որ « Զվարթնոց » և « Գյումրի » օդանավակայանների կոնցեսիոները արգենտինական Corporacion America ընկերությունն է, որի վերջնական շահառուն արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էուրնեկյանն է:
Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2025 թվականին Հայաստան է այցելել 2,26 մլն զբոսաշրջիկ, ինչը 2,7% – ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:
Ավանդաբար, զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին (41% կամ 921.7 հազար մարդ), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13% կամ 288.5 հազար մարդ), Իրանից (8% կամ 182.3 հազար մարդ), ԱՄՆ-ից (3% կամ 60.8 հազար մարդ), Չինաստանից ( 2% կամ 44.6 հազար մարդ), Գերմանիայից (1,5% կամ 34.1 հազար մարդ), Հնդկաստանից և Ուկրաինայից (1,2-ական % կամ 28.4 հազար և 27.6 հազար մարդ՝ համապատասխանաբար), Իտալիայից (1% կամ 22.6 հազար մարդ) և այլն։
Արմինֆո
