Логотип

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԵՆԱՎԻԹԽԱՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Naked Science-ը ներկայացրել է տարվա ճարտարապետական հինգ ամենանշանակալի իրադարձությունները:

ՋԵԴԱ ԹԱՈՒԵՐ (JEDDAH TOWER), ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ՝ ԱԴՐԻԱՆ ՍՄԻԹ ԵՎ ԳՈՐԴՈՆ ԳԻԼ (ADRIAN SMITH + GORDON GILL ARCHITECTURE)

Նախկինում, որպես «Արքայական աշտարակ», հայտնի Ջեդա Թաուեր երկնաքերը հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձր շենքը՝ դեպի երկինք խոյանալով առնվազն մեկ կիլոմետր։

Ի սկզբանե նախատեսվում էր այն ավարտել մինչև 2020 թվականը (առաջին անոնսը եղել էր դեռ 2011-ին)։ Սակայն 63 հարկ կառուցելուց հետո շինարարությունը մի քանի տարով դադարեցվել էր կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին։

Այս տարվա սկզբին կառուցապատողը հայտարարեց, որ աշխատանքները վերսկսվել են, իսկ ավարտի նոր ժամկետ է սահմանվել 2028 թվականը։

ՈՒԱՆ ՓԱՐՔ ԼԵՅՆ (ONE PARK LANE), ԱՎՍՏՐԱԼԻԱ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ՝ BKK ARCHITECTS ԵՎ ՔՈԹԻ ՓԱՐԿԵՐ (COTTEE PARKER)

Հուլիսին ներկայացվել են Գոլդ Քոստում (Gold Coast) երկու երկնաքեր կառուցելու ծրագրերը, որոնցից մեկը, եթե կառուցվի, կդառնա Ավստրալիայի ամենաբարձր շենքը։

Բնակելի աշտարակը կունենա 382 մետր բարձրություն՝ գերազանցելով Մելբուրնում նախագծվող UNStudio-ի և Cox Architects-ի 356 մետրանոց երկնաքերը, ինչպես նաև նույն Գոլդ Քոստում գտնվող 323 մետրանոց Q1 աշտարակը։

Նախագիծը մշակել է BKK Architects ճարտարապետական բյուրոն՝ Քոթի Փարկերի մասնակցությամբ։ Երկու աշտարակները 22-րդ հարկի մակարդակում կմիացվեն ապակե կոր կամրջով։

Ըստ Australian Financial Review-ի, համալիրում բնակարաններն առաջարկվում են մինչև 29,7 միլիոն ԱՄՆ դոլարով, և արդեն վաճառվել է մոտ 100 բնակարան։

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՄԱՐԶԱԴԱՇՏ, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՖՈՍԹԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (FOSTER + PARTNERS)

2025 թվականը կարևոր էր սպորտային ճարտարապետության համար, սակայն ամենամեծ հայտարարությունը եղավ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբից:

«Ֆոսթեր և գործընկերներ» բյուրոն մշակում է 100,000 տեղանոց նոր մարզադաշտ, որի համար նախատեսված է հսկայական վրանային ծածկ՝ երեք կայմերով։

Չնայած այն կլինի Միացյալ Թագավորության ամենամեծ մարզադաշտը, ճարտարապետները վստահ են, որ շինարարությունը կտևի ընդամենը մոտ հինգ տարի՝ շնորհիվ մոդուլային և հավաքովի շինարարության առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման։

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՃԱՐ, ԳԱՆԱ, ԱՋԱՅԵ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (ADJAYE ASSOCIATES)

Գանայից հունիսին այլ բնույթի լուրեր ստացվեցին. կառավարությունը հայտնեց, որ քայլեր է ձեռնարկում Աքրայում Ազգային տաճարի նախագծից հրաժարվելու ուղղությամբ, որը մշակել էր Աջայե և գործընկերներ բյուրոն։

Նախագիծը բուռն վեճեր էր առաջացրել Գանայում իր արժեքի (400 միլիոն դոլար), ինչպես նաև այն մեղադրանքների պատճառով, թե Աջայե և գործընկերներ բյուրոն վարձվել է անօրինական կերպով։

ԳՐԱՆԴ ԲՈԼՐՈՒՄ (GRAND BALLROOM), ԱԼԲԱՆԻԱ, MVRDV ՍՏՈՒԴԻԱ

Միևնույն ժամանակ Տիրանայում սկսվել են բոլորովին այլ մասշտաբի կառույցի աշխատանքները։ Նիդերլանդական MVRDV ստուդիան նոյեմբերին ներկայացրել է սպորտային արենայի նախագիծը, որը ներփակված է 100 մետր տրամագծով գնդի մեջ։

News.am