2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը, ներառյալ վերաարտահանումը, նվազել է գրեթե կիսով չափ՝ 48.8%-ով։ Հոկտեմբերի 27-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ, նշել է նախարարը, տեղական արտադրության ապրանքների արտահանումն աճել է 6,8%-ով։
«Արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման նվազմամբ։ 2023-2024 թվականներին դրանց զգալի քանակություններ ներմուծվել են Հայաստան, ենթարկվել նախնական մշակման, ապա արտահանվել երրորդ երկրներ՝ պատրաստի ապրանքների հետագա արտադրության համար»,- ասել է Հովհաննիսյանը։
News.am
