Логотип

2026 թ-ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021-ինը. ԿԸՀ ղեկավարը` պատճառների մասին

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ՀՀ բյուջեից մոտ 4 մլրդ 450 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի` խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստացել է մոտ 2.8 մլրդ դրամ։ Եվս 1.1 մլրդ վճարվել է պետ​​բյուջեից, բայց ոչ թե ԿԸՀ-ի մասով, այլ ընտրատեղամասերում տեսախցիկների սպասարկման համար։

Սակայն նույնիսկ այս 1.1 մլրդ–ը հաշվի առնելով՝ մոտ 500 մլն դրամի տարբերություն է մնում։ Ինչպես բացատրեց Հովակիմյանը, այս տարբերությունը պայմանավորված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեսախցիկների սպասարկման աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ։

Բացի այդ, 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն երկրի 70 համայնքներից 46-ում։ ԿԸՀ–ն դրա կազմակերպման համար մոտ 2.5 մլրդ դրամ կստանա։

Sputnik Արմենիա