Логотип

2026 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ

2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն կենսաթոշակների և նպաստների օրենքներում։

Ըստ կառավարության որոշման՝ շարունակվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցությունը․ այն վերաբերում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։ Այս աջակցությունը կտրամադրվի մինչև երեխայի 6 տարեկանը։

«Քանի որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, այն 20 տոկոս դրույքաչափը, որը ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1–ից, 50 հազար դրամը կդառնա 60 հազար դրամ` անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի մեխանիզմով։ 6 տարվա ընթացքում գումարայի այս աջակցությունը կկազմի 4 մլն 320 հազար դրամ»,– հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք նկատել ենք, որ այս նպաստը շատ ընտանիքների կողմից հաճախ ծառայում է ոչ իր նպատակին։ Ունենում ենք դեպքեր, երբ հատկապես 5–րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար, ապա շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու համար։ Այդ պատճառով կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500 հազար դրամ նպաստ»,– նշեց Թորոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2025 թ. հոկտեմբերի դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38 816 երեխա, և մինչ օրս նախարարությունն այս ծրագրի վրա ծախսել է 51 մլրդ 840 մլն դրամ։ Թորոսյանը նաև նշեց, որ իր ղեկավարած նախարարությունն առաջարկում է այս ծրագիրը դարձնել մշտական։

Նախարարը նաև հայտարարեց, որ միայն 2024 թ. ընթացքում միանվագ ծննդյան նպաստ են տրամադրել ՀՀ քաղաքացիների 1 450 երեխայի, որոնք ծնվել են արտերկրում, ունեն այլ երկրի ծննդական, սակայն մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։

«Այս հարցը մենք հիմա կարգավորում ենք այս կերպ` ծնունդից հետո, եթե կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան այդ գումարը ու կապ չունի` մինչև 6 տարեկան երբ կգրանցեն երեխային։ Գրանցման պահից սկսած գումարը կստանան»,– հայտարարեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ այս դեպքերով ՀՀ պետական բյուջեից տարեկան 600 մլն դրամ է վճարվել։

Sputnik Արմենիա