Логотип

27 տարեկան չծառայած անձինք կարող են վճարել ու չդատվել. Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվեց

86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։

Ըստ նոր փոփոխությունների՝ եթե 27 տարին լրացած անձը ծառայում է

– 12 ամիս- վճարում է 2.5 մլն դրամ,

– 6 ամիս- վճարում է 5 մլն դրամ

– 1 ամիս- վճարում է 8 մլն դրամ

Եթե չի ծառայում, ապա վճարում է 15 մլն դրամ։

Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այսօր «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմը»` ձեռնպահ, թեև Սարգսյանը նախորդ անգամ հույս էր հայտնել, որ 2–րդ ընթերցման ժամանակ նրանց որոշումը կփոխվի։

Հիշեցնենք` 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նոր ընդունված նախագծի` օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։

Sputnik Արմենիա