Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 28-ամյա Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում նրան հաջողվել է 6 փուլերից երեքում դառնալ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:
Ավետիսյանը երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի արժանացավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում, ավելի վաղ Կահիրեում արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ոսկե մեդալ էր նվաճել։ Հավելենք, որ Արթուր Ավետիսյանը 2025 թվականի աշխարհի առաջնություններում նվաճել էր բրոնզե մեդալ Օսիյեկում և Դոհայում, ոսկե մեդալ՝ Կահիրեում։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը բաց է թողել գավաթի 2026 թ. առաջնության 6 փուլերից երկուսը՝ Բաքվում և Անթալիայում (վերջինիս դեպքում հավաքականը չէր կարողանում վերադառնալ Կատարից- խմբ․)։ Դոհայում նախատեսված աշխարհի գավաթի փուլն էլ չեղարկվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
Sputnik Արմենիա
