Логотип

«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում

Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», – ասաց դիվանագետը։

Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», – ասաց դիվանագետը։

Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:

Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ ըստ հերթականության, որը կորոշեն կողմերը:

Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։

Sputnik Արմենիա