Այսօր Երևանում՝ Անրի Վերնոյ 3 հասցեում պաշտոնապես բացվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը, որը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Այս մասին թատրոնի բացմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը։
Նրա խոսքով` շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով։ Սկզբից բացվել է այն հատվածը, որն անհրաժեշտ է թատրոնի բնականոն գործունեության համար, որից հետո նոր հագեցված տեխնիկայի ավելացումներ կլինեն։
«Ավելի քան 6 ամիս չենք ունեցել մեր տանիքը և շրջագայել ենք Հայաստանում ու Հայաստանից դուրս, ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, մասնակցել ենք մի շարք միջազգային և հանրապետական փառատոների: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, ինչը ռեկորդային է մեկ կիսամյակի համար, գերակատարել ենք անգամ մեր մի տարվա պլանը: Մենք իրականացրինք համազգային կոչված մեր առաքելությունը, գնացինք այն վայրերը, որտեղից հանդիսատեսը չէր կարող գալ»,-ասաց տնօրենը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ հավելեց, որ նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:
«Մի փոքր անդրադարձ անեմ. պատկերացրեք 35 տարի առաջ՝ 1991թ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում մի շարք լավագույն դերասանների և ստեղծում թատրոն: Թատրոնը սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում, այն բացվում է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս, և կա տեսագրությունը, թե ինչպես վառարանի մոտ կանգնած՝ ասում են՝ այսօր մեր տանկն էլ կրակեց…: Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին…»,-նշեց Գրիգորյանը:
Նոր շենքում հանդիսատեսը կարող է դիտել միանգամից 3 պրեմիերա, որոնց բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը, Նարինե Գրիգորյանն ու Սիմոն Աբգարյանը։
Առաջիկայում բեմ կվերադառնան նաև արդեն սիրված խաղացանկային ներկայացումները։
Sputnik Արմենիա
