Երկուշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազային։
Իսրայելական բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա՝ այն օկուպացնելու նպատակով։ Այս մասին հայտնում էAxios պորտալը` հղում անելով իսրայելական պաշտոնական անձանց։
Պաղեստինյան մամուլի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել քաղաքին, որից հետո տանկեր են մտել Գազա։ Ynet պորտալը գրում է՝ 20 րոպեում 37 գրոհ է գրանցվել, այդ թվում՝ մարտական ուղղաթիռների կիրառմամբ։
Բնակիչները հայտնում են, որ առանձին շրջաններում օգտագործվում են պայթուցիկներով լցված ռոբոտներ, քաղաքի վրա հերթապահում են Apache ուղղաթիռներ, որոնք պարբերաբար կրակ են բացում։
Axios-ի տվյալներով՝ Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները և ՑԱԽԱԼ–ի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը խորհուրդ են տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարվել գործողությունից։ Նրանց գնահատականով՝ հարձակումը կարող է վտանգել իսրայելցի պատանդների կյանքը, հանգեցնել բանակի համար լուրջ կորուստների և ստիպել Իսրայելին ռազմական վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ՝ չհասնելով ՀԱՄԱՍ–ի ոչնչացմանը։
Ավելի վաղ Նեթանյահուն կոչ էր արել Գազայի բնակիչներին լքել քաղաքը՝ զգուշացնելով առաջիկա լայնածավալ գործողության մասին։
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:
Sputnik Արմենիա