44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանն այսօրվանից անժամկետ նստացույց է սկսել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` ի պաշտպանություն «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ` Լիդյա Մանթաշյանի։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 20–ին դատարանը որոշեց երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով։
«Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելն է, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով, և այդ գործը և մեղադրանքը շինծու են, և ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության, հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին, որպեսզի հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդյա Մանթաշյանին»,–լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ այսօր հանրությունը լռում է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները։ Պետրոսյանը հրավիրում է բոլորի ուշադրությունը, մասնավորապես արվեստագետների, ԱԺ պատգամավորների և հատկապես կին պատգամավորների և ուշադրությունը։
«Այս խնդրի առաջ այսօր կանգնած է Լիդյա Մանթաշյանը, հաջորդը կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը»,–ասաց 44–օրյա պատերազմի մասնակիցը։
Նա հայտարարեց, որ մտադիր է շարունակել նստացույցն անքան ժամանակ, քանի դեռ Լիդյան կալանքի տակ է։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
