44–օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը մտադիր է նոյեմբերի 24–ից նստացույց սկսել ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով կալանքից ազատել «Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 3–ամսյա կալանքի տակ թողնել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին։
Պատերազմի հերոսը նոյեմբերի 24–ին՝ ժամը 10:00-ին, նախարարության շենքի մոտ կսպասի բոլոր նրանց, ովքեր չեն վախենում աջակցել արդարությանը, լինել նրա կողքին:
Սոցիալական ցանցերում Արման Պետրոսյանը գրել է, որ այսօր բանտում Լիդյան է, իսկ վաղը այնտեղ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը։
«Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են արդարությանը, ովքեր չեն վախենում կանգնել ճնշվածի կողքին, ովքեր հասկանում են, որ այսօր Լիդյան է բանտում, իսկ վաղը կարող է լինել ցանկացածը մեզնից։ Լիդյայի ազատությունն այսօր մեր երկրի արժանապատվության չափումն է»,– գրել է նա։
Արման Պետրոսյանը պատերազմի այն մասնակիցների թվում է, ովքեր այս տարվա հոկտեմբերին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հանձնել են իրենց պարգևները՝ հայտարարելով, որ երկրի իշխանություններն արժեզրկում են այն ամենը, ինչի համար իրենք պայքարել են և ստացել այդ մեդալներն ու շքանշանները:
Լիդյայի ազատ արձակման օգտին է հանդես եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Նա հայտարարել է, որ Լիդյայի ազատ արձակումը երկրի արժանապատվության հարցն է:
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
