Логотип

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հոր կալանքը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Նման որոշում կայացրեց առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 26-ից՝ կալանքի 2-ամսյա ժամկետը լրանալուց հետո։

Տնային կալանքի 3-ամսյա ժամկետում Ռոստոմյանին արգելվում է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, նաև փոստային առաքանուց, շփում ունենալ այլ անձանց հետ, հյուրընկալել նրանց, այդ սահմանափակումները չեն վերաբերելու Ռոստոմյանի հետ նույն հասցեով բնակվող ընտանիքի անդամներին և պաշտպաններին։

Դատավորի որոշմամբ՝ Ռոստոմյանին թույլատրվեց շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիոն ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Նշենք, որ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը դիմեց դատավորին՝ խնդրելով Արա Ռոստոմյանի խափանման միջոցի հարցում այլ որոշում կայացնել և փոխարինել նրա կալանքը՝ հնարավորություն տալով, որ այցելի «Եռաբլուր»՝ որդու շիրիմին։

«Ասել եմ, որ ամեն ինչ որոշված է, բոլորիս էլ կալանք եք տալու, բայց կա մարդկային խիղճ, բոլորս էլ մսից ու արյունից ենք, հարգարժան դատարան, ճիշտն ասած, չեմ հավատում, բայց թող իմ հավատը փոխվի, ես հավատում եմ գոնե Արա Ռոստոմյանի որոշման հետ կապված, որ որպես հայրենիքի հայր նրա նկատմամբ որոշումն այլ կլինի, որի համար մենք շատ ուրախ կլինենք»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Սարգսյանի խոսքը շարունակեց նաև Բագրատ սրբազանը՝ ընդգծելով, որ ակնկալիք ունի՝ դատավորն այլ որոշում կկայացնի (կալանքը փոխարինել. խմբ․) ու ստիպված չի լինի հետագայում զղջալ որոշումը չկայացնելու համար։

Հի՛շեցնենք` Արա Ռոսռոմյանը ևս անցնում է Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա