Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Հաճախ զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ։ Այդպես նրանք խնդրում են, օրինակ, միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing) կամ ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը։
ԿԲ-ն նախազգուշացնում է՝ եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և այլն։
Շեշտում են՝ ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբևէ չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing, ուստի պետք է ավելի զգոն և զգույշ լինել։
Sputnik Արմենիա
